Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

«Կրծքագեղձի քաղցկեղն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ հինգ տարբեր հիվանդությունների միացություն է»

«Կրծքագեղձի քաղցկեղն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ հինգ տարբեր հիվանդությունների միացություն է»
28.02.2014 | 11:31

Ոմանք արագ քայլելով գնում ու գալիս էին, ոմանք, թեև նստած էին, բայց մտորումների մեջ ընկած, անհանգիստ շարժումներով խաղում էին իրենց մատների հետ, կային մարդիկ, որոնք ուղղակի քարացած էին: ՈՒ թեև յուրաքանչյուրի դրսևորումները տարբեր էին, սակայն նրանց բոլորի հայացքը նույնն էր: Այս կանանց աչքերում տենդային տագնապ կար: «Ի՞նչ անեմ… Մտքովս չէր անցնի: Ինչո՞ւ, ինչո՞ւ… Մի՞թե վերջ»,- մոտավորապես այսպիսի մտքեր կարելի էր կարդալ «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի ծառայության ղեկավարի կաբինետի առջև հավաքված կանանց հայացքում:
Այն, որ քաղցկեղ ախտորոշումը մարդկանց համար հնչում է որպես դատավճիռ և փոխում է նրանց մտածողությունը, երևի թե բնական է: Գուցե նաև բնական է այն, որ, անկախ սոցիալական կարգավիճակից, հիվանդների մտքով առաջին հերթին անցնում է բուժում ստանալ արտերկրում: Սակայն, ի զարմանս մեզ, «Նաիրի» բժշկական կենտրոնում հարցման մասնակից հիվանդների գերակշիռ մասը համոզված էր. «Ե՛վ վիրահատությունը, և՛ հետագա բուժումը այստեղ ենք ստանալու»: Հիվանդների այս վստահությունը պայմանավորված էր նաև օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավարի մասնագիտական հմտությունների նկատմամբ վստահությամբ: «Նշանավոր վիրաբույժներն ասում են, որ նրա մասնագիտական չափանիշները չեն զիջում եվրոպականին»,- մեզ հետ զրույցում նշում էին այցելուները: Չվիճարկելով այս հարցը, այնուհանդերձ, պետք է նկատենք, որ գնալով Հայաստանում մեծանում է արտերկրում բուժում ստանալու տենդենցը: Ինչո՞վ է սա պայմանավորված: Հայաստանի օնկոլոգիական ոլորտը ինչ-որ չափանիշներով հե՞տ է մնում աշխարհի զարգացումներից, թե՞ խնդիրը տեղական բժշկության նկատմամբ անվստահությունն է: Այս և օնկոլոգիայի հրատապ հարցերի շուրջ զրուցեցինք «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, Մ. Հերացու անվան ԲՊՀ-ի դոցենտ ԱՐՏԵՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՆԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԵՏ»


-Կարծում եմ` դա բազմակոմպոնենտային խնդիր է, որը ներառում է Ձեր թվարկած գործոնները ևս: Իհարկե, Հայաստանը, չլինելով աշխարհի գերզարգացած հարուստ երկիր, հնարավոր է, որ ոչ միայն օնկոլոգիական, այլև այլ ոլորտներում հետ մնացած լինի գերզարգացած երկրներից: Ցանկացած մասնագիտություն, ոլորտ զարգացնելու համար անհրաժեշտ է մի քանի բան` բարձրորակ բարձրագույն կրթություն և կադրեր: Այս գործոնը լուրջ խնդիր է նաև զարգացած երկրներում, քանի որ պահանջում է խոշոր ներդրումներ: Կարևոր նախապայման է բարձրտեխնոլոգիական սարքավորումների առկայությունը: Հաջորդ գործոնը պացիենտների հոգեբանությունն է. ԱՄՆ-ից մարդիկ բուժում ստանալու համար մեկնում են Գերմանիա, Գերմանիայից՝ ԱՄՆ, ԱՊՀ երկրներից՝ Իսրայել:
-Խոսելը ներդրումներից միշտ ավելի հեշտ է: Ձեր կենտրոնում օնկոգինեկոլոգիայի մասով ի՞նչ ներդրումային քաղաքականություն է տարվում:
-Վերը նշված գործոնները նկատի ունենալով՝ 2008-ին փորձեցինք ստեղծել մի կենտրոն, որը համապատասխանի միջազգային չափանիշներին: «Նաիրի» բժշկական կենտրոնի սարքավորումների, պայմանների հագեցվածությունը և մասնագետների պատրաստվածության մակարդակը ոչնչով չեն զիջում եվրոպական առաջատար կլինիկաներին։ Այս ոլորտում մենք կարողացանք ստեղծել մի ծառայություն, որը ոչնչով չի զիջում աշխարհի զարգացած կլինիկաներին: Հիշյալ ձեռքբերումը պայմանավորված է առաջին հերթին այս բժշկական կենտրոնի ղեկավարության իրականացրած քաղաքականությամբ. սարքավորումների և բարձրորակ կադրերի հարցում ֆինանսներ չեն տնտեսվում:
-Համագործակցո՞ւմ եք եվրոպական կլինիկաների հետ:
-Մեր ծառայությունը հիմնականում համագործակցում է Եվրոպայի օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի հետ, որում ընդգրկված են լավագույն կլինիկաների ներկայացուցիչներ և ղեկավարներ: Գործում է նաև միջազգային կոնսիլիում, որի կազմում են մեր բաժանմունքի մասնագետները, վիրաբույժները, քիմիաթերապևտներն ու ճառագայթաբանները, ինչպես նաև եվրոպական խոշորագույն կլինիկաների պրոֆեսորներ: Այս կառույցը մեզ հնարավորություն է տալիս բարդ դեպքերում միասնաբար քննարկելու հետազոտման և բուժման պլանը: Արդյունքում մեր բժշկական կենտրոնի հզոր կադրային և սարքավորումների ներուժին գումարվում են արտասահմանցի կոլեգաների կոնսուլտացիաները: Այսպիսով, հիվանդները, գտնվելով Հայաստանում, հնարավորություն են ունենում բուժում ստանալու եվրոպական չափանիշներով: Ի դեպ, Ձեզ ասեմ, որ նույն Եվրոպայում և ԱՄՆ-ում ամեն ինչ այդպես լավ չէ, ինչպես կարող է թվալ հեռվից: Այնտեղ էլ լավ հիվանդանոցները, մասնագետները շատ չեն: Եվ մեզ հաջողվել է կապ հաստատել դրանցից լավագույնների հետ: Ոչ միայն բժշկության, այլև բոլոր ոլորտներում ստեղծված է բաց տեղեկատվական դաշտ: Այսինքն՝ փակ կլինիկաներ, փակ աշխատելաձևը մնացին անցած դարում: Առանց տեղեկատվության փոխանակման հնարավոր չէ ապահովել բուժման բարձր որակ` հատկապես ուռուցքաբանության ոլորտում, քանի որ այն ամենաարագ զարգացող և փոփոխվող ոլորտներից է:
-Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ արտերկրում բուժվելու մարդկանց ցանկությունը բացատրվում է նաև հոգեբանական խնդրով:
-Հիմնականում մարդկանց հոգեբանության վրա ազդում են որոշ մարդիկ, ովքեր հետապնդում են իրենց տնտեսական շահը: Կան ձևավորված փոքրիկ ընկերություններ, որոնք արտերկրում բուժում ստանալու համար տուրեր են կազմակերպում: Սակայն նույն այդ պացիենտները տեղեկացված չեն, թե բուժման ծախսերի մեջ որքան շահույթ ունեն այդ ընկերությունները: Նման մարդկանց, ովքեր այդ բիզնեսով են զբաղվում, հորդորում եմ, որ ներդրում անեն սեփական երկրի բժշկության մեջ:
-ՈՒրիշից պահանջելուց առաջ երևի ճիշտ է, երբ մարդն ինքն իրեն հարցնի. «Ի՞նչ ներդրում եմ կատարել ես»:
-Բազմիցս արտերկրի առաջատար կլինիկաներից աշխատանքի հրավերներ եմ ստացել, այո, հնարավորություն ունեցել եմ և ունեմ մեկնելու և աշխատելու արտերկրում` ոչինչ ինձ չի խանգարում: Սակայն ես փորձում եմ զարգացած կլինիկաների փորձը ներդնել այստեղ:

«ՔԱՂՑԿԵՂՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Է, ԱՅԼ ՈՉ ԴԱՏԱՎՃԻՌ»


-Գնալով նկատվում է քաղցկեղի տարածման տենդենց, բացի ժառանգականությունից, ի՞նչ գործոններով է այն պայմանավորված, արդյոք արտաքին կամ սոցիալական գործոնները ազդեցություն ունե՞ն:
-Գոյություն ունեն արտաքին քաղցկեղածին գործոններ, որոնք սերտորեն կապված են քաղաքակրթության հետ, և որքան բարձրանում է կյանքի որակը, զարմանալիորեն այդքան մեծանում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Գործոնների մեջ առաջինը ադինամիան է. ավտոմեքենաներ ունենալու հետևանքով մարդիկ քիչ են շարժվում: Բացի այդ սննդի որակն է. սննդամթերքի քանակը և տեսակներն ավելացել են, սակայն որակի մասին ոչինչ չի ասվում, ինչը լուրջ խնդիր է: Օրինակ, կիսաֆաբրիկատները քաղցկեղածին մեծաքանակ նյութեր են պարունակում: Հաջորդը, իհարկե, մթնոլորտի աղտոտվածությունն է: Ինչ վերաբերում է սոցիալական գործոնին, ապա այն մեծ դեր չի խաղում: Սակայն հիվանդության բացահայտման կամ բարձիթողի վիճակի հարցում այդ գործոնը զգալի է: Այնուհանդերձ, հիվանդության առաջացման հարցում ժառանգականությունը հիմնական գործոնն է, քանի որ այն առաջանում է ժառանգական գենի մուտացիայի պատճառով: Անշուշտ, արտաքին մթնոլորտային գործոնները կարող են նպաստել հիվանդության զարգացմանը, սակայն մարդու ժառանգականության մեջ եթե գենի մուտացիա չկա, ապա այդ գործոնների ազդեցությունը շատ ավելի թույլ է:
-Մենք՝ հայերս, հին ազգ ենք, և այս առումով ժառանգական գենն ի՞նչ մուտացիոն փոփոխության է ենթարկվել: Կա՞ նման ուսումնասիրություն:
-Հինավուրց լինելը այդքան կապ չունի, որովհետև, երբ հետևում ես քաղցկեղ հիվանդության հաճախականության դինամիկային, ապա ամենաբարձր ցուցանիշը գրանցված է Դանիայում, Հոլանդիայում և ԱՄՆ-ում: Հետխորհրդային երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: Միջազգային վիճակագրության տվյալներով՝ 33-րդ տեղում է:
-Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Այդ առումով մի քանի տեսություններ կան: Սակայն քանի որ մենք խոսում ենք մի հիվանդության շուրջ, որի մասին, ցավոք, բժշկությունը ավելի շատ չգիտի, քան գիտի, ապա այդ հարցին, թերևս, ոչ ոք պատասխան չունի:
-Ասում են՝ քաղցկեղի տարածմանը զուգահեռ մեծանում է նաև բուժման արդյունավետությունը: Արդյո՞ք այդպես է:
-Շատ կարևոր հարց բարձրացրիք։ Դրա բուժման հարցում մենք շատ լավ արդյունքների ենք հասնում, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով: Առաջին` մենք սովորել ենք հայտնաբերել հիվանդությունը վաղ շրջանում: Երկրորդ` այժմ ունենք շատ հզոր վիրաբուժություն, և երրորդ` մեծ նվաճում ունենք ինչպես դեղորայքաբուժության, այնպես էլ նորագույն քիմիաթերապիայի մեջ: Դրա մասին փաստում է վիճակագրությունը, ըստ որի՝ շատ դեպքերում մահացության ցուցանիշը ավելի ցածր է, քան շաքարային դիաբետի կամ սրտամկանային ինֆարկտի դեպքերում: Սակայն նման հիվանդությունների դեպքում աժիոտաժ չի ստեղծվում, ինչպես քաղցկեղի դեպքում, ինչը մեծապես վնասում է պացիենտին:
-Գուցե դա տեղեկատվության բացակայության հետևա՞նք է:
-Միանշանակ՝ այո:
-Ձեր անձնական վիճակագրությունը բուժման վերաբերյալ ի՞նչ է փաստում:
-Մեր ոլորտում բուժման արդյունավետությունը գնահատվում է կյանքի տևողությամբ: Բուժում ստացած պացիենտների կյանքի տևողությունը ամբողջապես համապատասխանում է Եվրոպայի և ԱՄՆ-ի զարգացած կլինիկաներում բուժում ստացած պացիենտների կյանքի տևողությանը: Եվ դա բնական է: Եթե դնում ես նույն ախտորոշումը, իրականացնում ես նույն բուժումը, կատարում ես նույն վիրահատությունը, կիրառում ես նույն դեղամիջոցները, ինչ համաշխարհային բժշկությունը, ապա արդյունավետության տարբերություն չես կարող ունենալ:

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՍՆԱԳԵՏ ԻՐ ՏԵՍԱԿԵՏՆ ՈՒՆԻ, ԵՎ ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ ԴՐԱՆՔ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ»


-Քաղցկեղի հայտնաբերման, բուժման ավանդական տեսություններից բացի, ինչպիսի՞ նոր տեսություններ են ի հայտ եկել:
-ՈՒռուցքաբանության մեջ այժմ գործում է գենոմիկա նոր ուղղությունը: Եվ բոլոր այն քայլերը, որոնք մեզ մոտեցնում են այս հիվանդության վերջնական բուժմանը, հիմնականում ուղղված են մարդու գենոմի ուսումնասիրությանը և այդ գեների մուտացիայի բացահայտմանը: Ապացուցված է, որ մուտացված գեների հայտնաբերման և դրանց շտկման արդյունքում մենք կարողանում ենք բուժել քաղցկեղի որոշ ձևեր:
-Այդ դեպքում, հստակեցնենք, 20 տարի առաջ և հիմա. որքա՞ն է մեծացել բուժման արդյունավետության հավանականությունը:
-Մի պարզ օրինակ բերեմ. ժամանակին պարզ չէր, թե ինչու կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակներ շատ ագրեսիվ էին ընթանում և բերում էին վախճանի, որոշ ձևերը՝ ոչ: Պարզվեց, որ դա HER2/neu գենի մուտացիայի հետևանք է: Այժմ կրծքագեղձի քաղցկեղով բոլոր պացիենտների մոտ որոշվում է այդ գենի փոփոխությունը: Դրա հայտնաբերման դեպքում նշանակվում է «Հերցեպտին» դեղամիջոցը: Այն պացիենտները, որոնք մինչ «Հերցեպտինի» հայտնաբերումը կարճ կյանք ունեին, հիմա մեծ հաջողությամբ բուժվում են:
-Վերջերս օնկոգինեկոլոգիայում սկսեցին իրականացնել նաև կրծքագեղձի վիրահատություններ, ինչը Հայաստանի որոշ մասնագետներ քննադատում են: Եվ քանի որ Դուք ևս կատարում եք կրծքագեղձի վիրահատություն, ապա մեկնաբանեք՝ ինչո՞վ են պայմանավորված այդ քննադատությունները:
-Յուրաքանչյուր մասնագետ իր տեսակետն ունի, և ես չէի ցանկանա դրանք մեկնաբանել: Վերջին հինգ տարում միջազգային պրակտիկայում պարզվեց, որ կրծքագեղձի քաղցկեղն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ հինգ տարբեր հիվանդությունների միացություն է, որոնք զարգանում և տարբեր բուժում են պահանջում: Քանի որ կանանց սեռական համակարգը մի ամբողջական համակարգ է, ապա դժվար է տարանջատել մեկը մյուսից: Այդ համակարգում առաջացած քաղցկեղը սերտորեն կապված է լինում մյուս օրգանի հետ: Դա վերաբերում է ձվարանի և կրծքագեղձի քաղցկեղներին, որոնց առաջացումը և աճը խթանվում են ձվարանների կողմից: Դրանք ձվարանների հորմոնների նկատմամբ զգայուն ուռուցքներն են: Այս դեպքում բուժումը չի իրականացվում «Հերցեպտինով» կամ հորմոններով, քանի որ այդ ուռուցքները քիմիաթերապիայի նկատմամբ ցածր զգայականություն ունեն:
-Քիչ առաջ Դուք Ձեր հիվանդներից մեկին, որը հուզված էր և չէր ուզում ստանալ քիմիաթերապիա, ասացիք. «Վերջին անգամ եմ խորհուրդ տալիս, այլևս չեմ ասի` գնացեք ստացեք քիմիաթերապիա և հանգիստ ապրեք»: Հիմա, եթե Ձեր վերը նշված տեսակետը նա ընթերցի, երևի թե Ձեզ հետ կկռվի:
-Այն, ինչ խորհուրդ տվեցի իմ պացիենտին, խորհուրդ կտայի իմ հարազատին նույնպես: Ինչ վերաբերում է հորմոնալ բուժման արդյունավետությանը, ապա դա տեսություն է, և վաղը, մյուս օրը կարող է պարզվել, որ նույն հորմոնալ կախվածության ուռուցքների մեջ կան այդպիսիք, որոնք զգայուն չեն հորմոնների նկատմամբ: Այդ տարանջատումը դեռևս գոյություն չունի: Իմ սեփական պրակտիկայից կարող եմ ասել, որ կրծքագեղձի այն ուռուցքները, որոնք զգայուն են հորմոնների նկատմամբ, կարող են զգայուն լինել նաև քիմիաթերապիայի նկատմամբ: Այնպես որ, բուժման մեջ, հատկապես երբ պացիենտը երիտասարդ է, անպայման նշանակվում է քիմիաթերապիա:
-Բարորակ ուռուցքի չարորակի անցման սահմանը որտե՞ղ է:
-Կրծքագեղձի չարորակ ուռուցքները հիմնականում չեն առաջանում բարորակներից, շատ հազվադեպ դեպքերում է, որ բարորակ ուռուցքը չարորակի է վերածվում:
-Իսկ գինեկոլոգիայի՞ դեպքում:
-Կան մի քանի բարորակ ուռուցքներ, որոնք կարող են վերածվել քաղցկեղի` ձվարանի կիստաները և արգանդի լորձաթաղանթի պոլիպները: Դրանց նկատմամբ կանայք պետք է ուշադիր լինեն: Արգանդի խոռոչի լորձաթաղանթի և ձվարանի քաղցկեղը լինում է երկու տիպի` խիստ և պակաս ագրեսիվ: Եվ բարորակ ուռուցքներից զարգացող քաղցկեղները միշտ շատ ավելի բարենպաստ ընթացք են ունենում և հեշտ են ենթարկվում բուժման, քան ինքնուրույն զարգացած չարորակ ուռուցքները:

«ԲԱՐՁՐ ԷՊԻՏԵՏՆԵՐ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ»
-Մեր զրույցի սկզբում Դուք ասացիք, որ մերժում եք արտերկրի հրավերները, դա հայրենասիրությա՞մբ է պայմանավորված:
-Բարձր էպիտետներ չեմ սիրում: Ցանկացած մարդ, կարծում եմ, առաջին հերթին պետք է փորձի իր տունը մաքուր պահել և ոչ թե հարևանի մաքուր տանը հյուրի կարգավիճակով բնակվի:
-Նման ձևով շատերն են խոսել, բայց տարիներ հետո հեռացել են երկրից, այդ թվում՝ ճանաչված բժիշկներ:
-Ցանկացած պայքարում կան նաև պարտվողներ:
-Ձեր դեպքում պարտությունը բացառո՞ւմ եք:
-Կյանքը այնպիսի բան է, որ հարյուր տոկոսով որևէ բան բացառել չի կարելի: Ես գիտեմ, որ զբաղվում եմ գործով, և ցանկացած գործի մեջ կան նաև դժվարություններ: Շատերը կարող են մեզ չհասկանալ, հնարավոր է և փնովեն, քննադատեն, բայց մենք գիտենք, որ գործ ունենք այնպիսի հիվանդության հետ, որի դեմ պայքարում միշտ չէ, որ հաղթում ես, լինում են նաև պարտություններ, ինչը դիմացինի մեջ առաջացնում է բացասական վերաբերմունք: Սակայն դա հիմք չէ, որ վիրավորվածի կեցվածք ընդունեմ և հեռանամ երկրից: Հիմնականում ինչպե՞ս են որոշ մարդիկ մտածում. «Ես հանճար եմ, բայց ոչ ոք ինձ ձեռքերի վրա չի պահում»: Եթե բժիշկը սպասում է, որ իրեն ձեռքերի վրա պահեն, ապա պետք է փոխի մասնագիտությունը, դառնա երգիչ:
-Ընդհանրապես բժշկության մեջ օնկոլոգիան ծանր ոլորտ է, որից պտուղներ քաղելը շատ դժվար է: Ինչո՞ւ այս ոլորտը ընտրեցիք, բժշկության մեջ կան ոլորտներ, որտեղ և՛ ճանաչումը, և՛ պտուղները հեշտությամբ են նվաճվում:
-Քո արածից պետք է բավարարվածություն զգաս: Սակայն կա բավարարվածության մի քանի տեսակ` ֆինանսական և հոգեբանական: Վերջինիս դեպքում ինքնագնահատականն ավելի մեծ է, որովհետև հաղթանակն ավելի մեծ է: Ամենակարևորը այն է, որ մարդն ինքն իր հետ հարմոնիայի մեջ լինի: Մարդը պետք է զբաղվի այն գործով, որը իրեն տալիս է բավարարվածություն և բարձրացնում է ինքնագնահատականը: Այս գործոնները հատկապես կարևոր են տղամարդու համար: Կարծում եմ՝ իսկական տղամարդն ինքն իրեն հարգում է այն դեպքում, երբ իրենից հզոր թշնամուն է հաղթահարում:
-Որքան հասկացա, Դուք սիրում եք դժվարություններ հաղթահարել` պայքարող անհատներից եք:
-Ցանկացած տղամարդու մեջ դա դրված է գենետիկորեն:


Զրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ